RippleFlow ստարտափի դիջիդասընթացները։ վերապատրաստման արդյունքները

Հանրակթական Դիջիթեք 2024 ստուգատես

Խմբի անունը՝ RippleFlow

Խմբի անդամները՝

  • Մարիա Տիշաքճեան/11-րդ դասարան/
  • Արի Ագոփ/11-րդ դասարան/
  • Սյուզի Մելիքյան/11-րդ դասարան/
  • Մինաս Սահակյան/11-րդ դասարան/

Առաջարկվող դասընթացներն ու նախագծերը՝


Դիջիդասընթացների ուսումնական ծրագրերը կարդացեք հղմամբ

«Վիքիպեդիան հայերեն» դիջիդասընթացի արդյունքը

«Վիքիպեդիան հայերեն» թարգմանչական նախագծային դասընթացներն արդեն մի քանի ամիս է, ինչ դասավանդվում են կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցների սովորողների համար։ Դասընթացը ներառում է Վիքիպեդիայում հոդվածների ճշգրիտ խմբագրման մեթոդիկայի ուսուցանման ամբողջական փաթեթ, որի ընթացքում սովորողներին ցուցադրվում են հոդվածների խմբագրման, թարգմանչական քայլերը, գործողությունները, հերթով անդրադարձ ենք անում յուրաքանչյուր բաղադրիչի և մասնակցիներին տալիս լիարժեք գիտելիք։

«Վիքիպեդիան հայերեն» դիջիդասընթացը, սակայն, վերջերս մշակված՝ երկու դասընթացից բաղկացած կուրս է, որը մշակել ենք սկզբնապես Հանրակթական Դիջիթեք 2024 ստուգատեսի համար։ Դասընթացներից առաջինն իրենից ներկայացնում է խմբագրման և թարգմանչական նույն մեթոդիկայի արդեն խորացված ուսուցանումն ու մանրակրկիտ անդրադարձը խմբագրական ամեն մի բաղադրիչի։ Այսինքն, եթե նախնական դասընթացի արդյունքում մասնակիցներին տրվում էր սկզբնական գիտելիքներ՝ խմբագրման համար, ապա դիջիդասընթացի դեպքում մասնակիցը խմբագրական հմտություններից բացի տիրապետում է նաև հոդվածի կարևոր բաղկացուցիչ մասերին, ուսումնասիրում է լիարժեք հոդվածի համար անհրաժեշտ պահանջները, ստեղծում է Վիքիպեդիայում մասնակցային հաշիվ, և այլն։

Կուրսի երկրորդ դասընթացում մասնակիցներին արդեն ծանոթացնում ենք Վիքիպահեստի հետ, որտեղ կարելի է վերբեռնել նիշքեր (նկարներ), և այնտեղից ներբեռնել համապատասխան նիշքեր՝ խմբագրվող հոդվածի համար։ Այս դասընթացում մասնակիցը սովորում է նիշքի վերբեռնման կարևոր կանոնների մասին, ծանոթանում է հեղինակային իրավունք հասկացությանն ու երևույթին, սովորում հոդվածի տեսքային ձևավորում և խմբագրական «դիզայն»։

Ամեն մի դասընթացի ավարտին մասնակիցներին տրվում է մեկ հոդված՝ թարգմանելու, շարադրելու և ձևավորելու համար, որպեսզի հետագայում ստուգվեն, համեմատվեն, կատարելագործվեն և հրապարակվեն Վիքիպեդիա ազատ հանրագիտարան։

Հանրակթական Դիջիթեք 2024 ստուգատեսի շրջանակում «Վիքիպեդիան հայերեն» դիջիդասընթացի կուրս անցկացվել է մեկ անգամ՝ երկու դասընթացով, ձմեռային ճամբարի վերջին երկու շաբաթվա կտրվածքով։ Դասընթացներին մասնակցել է շուրջ 16 սովորող, որոնցից 11-ը՝ Միջին դպրոցից, 5-ը՝ Ավագ։ Սվորողների հետ երկու դասընթացներն անցել են բավականին արդյունավետ, ինտերակտիվ և ամբողջական։ Ինչպես նշվեց վերը՝ դիջիդասընթացի կուրսային ծրագրում, ստուգատեսի շրջանակում շարժվել ենք հենց այդ ուսումնական ծրագրով և ապահովել ենք դրական արդյունք։ Կուրսի ավարտին սովորողներն արդեն տիրապետում են Վիքիպեդիայի խմբագրական հմտություններին, գիտեն հոդվածի ճիշտ և գեղեցիկ ձևավորումը, մասնակիցներից ոմանք ստեղծել են մասնակցային հաշիվներ և արդեն սկսել են թարգմանել իրենց առաջին հոդվածները։

Հարկ է նշել, որ դիջիդասընթացի ավարտից հետո չենք մոռանում պարբերաբար վերահսկել, հետևել մասնակիցների աշխատանքներին, աջակցել նրանց խմբագրական հարցերում և մշտապես ապահովել համապատասխան ռեսուրսներով, հոդվածների ցանկով և Վիքինախագծերի ազդարարմամբ։

«Վիդեո էդիթինգ և գովազդ» դիջիդասընթացի արդյունքը

Վիդեո էդիթինգի և գովազդային հոլովակների ստեղծման դասընթացներ RippleFlow կրթական նախագծով նախկինում չենք անցկացրել։ Սա նոր էր մեզ համար և այն կազմել ենք սկզբնապես հենց Հանրակթական Դիջիթեք 2024 ստուգատեսի համար։ Դասընթացի ուսումնական ծրագիրը զրոյից ամբողջությամբ մշակվել և գրվել է RippleFlow նախագծային խմբի դասընթացավարների կողմից։ Ընտրել ենք դիջիդասընթացի համար այնպիսի թեմա, որի պահանջարկը մեր ժամանակներում մեծ է և ոլորտները բազմազան։

Դիջիդասընթացի կուրսը բաղկացած է չորս դասընթացից, որը նույնպես անցկացրել ենք ձմեռային ճամբարի վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Դասընթացները ներառում են վիդեո և ֆոտո էդիթինգ, ծանոթացում գովազդային հոլովակների տարբեր տեսակների, գովազդային խոսքի մշակույթ, և այլն։

Առաջին երկու դասընթացներում մասնակիցները ծանոթանում են գովազդային հոլովակների տարբեր տեսակների, դրանց հիմնական բաղկացուցիչ մասերին և դրանցում օգտագործվող հիմնական տեխնիկային։ Այնուհետև ծանոթանում են վիդեո էդիթինգի, վիդեո մոնտաժի նախնական մեթոդներին և փորձում ստեղծել իրենց սեփական կարճ գովազդային հոլովակները՝ համապատասխան մոնտաժային ծրագրերով։ Առաջին երկու դասընթացների ավարտին յուրաքանչյուր մասնակից ունենում է առնվազն մեկ գովազդային հոլովակ, որի վիդեո մոնտաժն ու խմբագրումը կատարել է ինքնուրույն՝ համացանցի կամ սեփական պահոցից վերբեռնված հոլովակներով։

Կուրսի հաջորդ՝ երրորդ դասընթացը տրամադրում ենք գովազդային խոսքի մշակույթին և պատկերային վերլուծությանը։ Դասընթացի ընթացքում սովորողները ծանոթանում են գովազդային հոլովակների, արշավների տարբեր կարգախոսների, լեզվական մի շարք տեխնոլոգիաների հետ, մեկնաբանում դրանք ըստ լսարանի վրա գործած ազդեցության և ենթադրվող նպատակի։ Ինչպես նաև դիտում ենք տարբեր գովազդային պաստառներ, հայտարարություններ և վերլուծում դրանց պատկերային բովանդակությունը, օգտագործված լեզուն և խոսքը։

Վերջին՝ չորրորդ դասընթացում, սովորղները ծանոթանում են նաև ֆոտո էդիթինգի, լուսանկարների խմբագրման մեթոդներին և ձեռք բերում նախնական հմտություններ։ Սովորում են փոփոխել լուսանկարի գունային գամման, լուսային էֆֆեկտները, ստվերային կետերն ու մի շարք այլ կարևոր բաղադրիչներ։

Այս դիջիդասընթացին մասնակցել է շուրջ 16 սովորող, որոնցից 10-ը Միջին դպրոցից, 6-ը՝ Ավագ։ Դիջիդասընթացի ավարտին մասնակիցները լիարժեք տիրապետում են վիդեո և ֆոտո խմբագրման մեթոդիային, ինչպես նաև նախնական գիտելիքներ ունեն գովազդային հոլովակներում, պաստառներում արտահայտված խոսքային մշակույթից, պատկերային բովանդակությունից։ Բոլոր մասնակիցներն ավարտին ունեն գոնե մեկ կարճ գովազդային հոլովակ, որն ստեղծել են սեփական մոնտաժային գիտելիքով ու կարողություններով, իսկ նրանցից մի քանիսը գրանցել են գործնական լավ ցուցանիշ դասընթացի ավարտին։

Եվ որպես շարունակականություն, մասնակիցների կատարած աշխատանքները պարբերաբար ստուգվելու են, լրացվելու, մեկնաբանվելու։ Եթե դասընթացի արդյունավետությունը լինի բարձր, ապա կարող է նախատեսենք նաև փոքրիկ ցուցադրություն-ներկայացում՝ սովորողների կատարած անհատական աշխատանքներից բաղկացած։

Երկու դիջիդասընթացների կուրսերն էլ մեկնարկել են հենց Հանրակթական Դիջիթեք 2024 ստուգատեսի շրջանակում, և այս հարթակը կուրսերի համար հենց առաջին փորձնական ասպարեզն էր։ Վստահաբար դիջիդասընթացներն անցել են բավականին արդյունավետ, հավասարապես երկու կուրսերի նոր գրված ծրագրերը հաջողված էին, ուստի չի բացառվում, որ դրանց իրականացումը նաև կտեսնեք այլ հարթակներում ևս։ Քանի որ RippleFlow կրթական նախագծում դասընթացները նորարարական են, մշտապես թարմացվող, արդիական և շարունակական։

Հարգանքով՝ Մարիա Տիշաքճեան․ RippleFlow դիջիդասընթացների դասընթացավար

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started